Պուլպիտ

Բուժում

Պուլպիտը ատամի նյարդի բորբոքում է, որը առաջանում է մանրէների կամ վնասվածքի հետևանքով։ Այն բնութագրվում է ուժեղ ցավով, զգայունությամբ և հաճախ զարգանում է բարդացած կարիեսի պատճառով։

Ավելին

Պուլպիտ

Ատամի ներսում տեղակայված է փափուկ հյուսվածքը (պուլպան), որտեղ գտնվում են արյունատար անոթները, ավշային հանգույցները, ինչպես նաև նյարդաթելերը: Պուլպիտը ատամի այդ փափուկ հյուսվածքի բորբոքումն է (նյարդի բորբոքում), որն առաջանում է այնտեղ թափանցած ախտածին մանրէների պատճառով: Բերանի խոռոչում գտնվող մանրէները քաղցր սնունդից թթվահյութ են արտադրում, որը քայքայում է ատամի էմալը, առաջացնելով կարիես: Բարդացած կարիեսի ժամանակ ատամի մեջ են թափանցում միկրոօրգանիզմները, որի պատճառով պուլպան բորբոքվում է: Առաջանում է ցավ, որը փոխանցվում է դեպի եռվորյակ նյարդ, որի պատճառով էլ ցավն արձագանքվում է քունքերում, ծոծրակում, ականջում, ողջ դեմքով մեկ: Մանրէները կարող են ատամի մեջ թափանցել նաև պարօդոնտի ախտահարման պատճառով: Նյարդի բորբոքումը բնորոշվում է շատ ուժեղ ցավով, ատամը զգայուն է դառնում ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, ցավն հաճախ ուժեղանում է գիշերը: Հաճախ պուլպիտը կարիեսի բարդությունից է լինում, երբ ատամն այնքան է քայքայվում, որ ինֆեկցիան հասնում է մինչև ատամի արմատ և ախտահարում է նյարդը: Երբեմն պուլպիտ կարող է զարգանալ բժշկի սխալ գործողություններից (անորակ կատարված պլոմբ, պարօդոնտի վիրահատություն, քիմիական նյութերի ազդեցություն): Պուլպիտը կարող է նաև ատամի վնասվածքի հետևանք լինել` ատամի կոտրվածք, ատամնապսակի վնասվածք:

Պուլպիտի ախտորոշումը

Ինչպես նշեցինք, պուլպիտին հատուկ է սուր ցավը, որն ուժեղանում է հատկապես գիշերը, արձագանքելով դեպի ականջ, քունք կամ ըմպան: Առաջին փուլում ցավը հազվադեպ է դրսևորվում և արագ հանդարտվում է, բայց պուլպիտի զարգացման հետ ցավն ավելի ու ավելի հաճախ է լինում: Այն առավել ուժեղ է լինում և պուլսացիա է ունենում, երբ պուլպիտը անցնում է թարախային փուլին:

Տարածուն պուլպիտի դեպքում ցավը կարող է լինել ոչ միայն ախտահարված ատամում, այլև տարածվել ծնոտով և գլխի այն հատվածը, որ կողմում որ գտնվում է ախտահարված ատամը: Ցավի տարածուն լինելու պատճառով, երբեմն հիվանդի համար դժվար է լինում նշել ցավի աղբյուրը, բայց այն կարելի է նաև ինքնուրույն հայտնաբերել, եթե կոնկրետ ատամը արձագանքում է տաքին, սառին և այլ գրգռիչներին: Բնորոշ է այն, որ պուլպիտի ժամանակ գրգռիչի վերացման դեպքում ցավը չի հանդարտվում: Ոչ մի անալգետիկ ու ժողովրդական միջոց չի օգնում, քանի որ պուլպիտի բուժումը կատարվում է միայն ստոմատոլոգիական կլինիկայում:

Պուլպիտի ախտանշանները նման են այլ բորբոքային ախտընթացների նշաններին (մասնավորապես, եռվորյակ նյարդի բորբոքման), այդ պատճառով էլ ճիշտ ախտորշում կարող է կատարել միայն բժիշկը:

Պուլպիտը կարող է ընթանալ և սուր, և քրոնիկական փուլով: Սուր պուլպիտի ախտանշաններն արդեն նկարագրեցինք, իսկ քրոնիկական պուլպիտի ախտանշանները այդքան էլ վառ արտահայտված չեն լինում: Այս դեպքում լինում է տաք ու սառի հանդեպ զգայունակության բարձրացում, պացիենտը գանգատվում է բերանից եկող տհաճ հոտից, իսկ բժշկին այցելելիս` հաճախ հայտնաբերվում է պուլպայի հյուսվածքի աճ: Քրոնիկական պուլպիտի վտանգը այն է, որ այն կարող է պերիօդոնտիտի վերածվել: Քրոնիկական պուլպիտի դեպքում նույնպես կարող են սրացումներ լինել, այս դեպքում դրսևորվում է նոպայաձև ատամնացավ, որն ուժեղանում է ջերմային գրգռիչների ազդեցությունից:

Սակայն քրոնիկական գանգրենոզ պուլպիտի դեպքում, ինչպես և սուր թարախային պուլպիտի, ատամն արձագանքում է միայն տաքին, իսկ սառնությունն, ընդհակառակը, նպաստում է ցավի թուլացմանը:

Եթե պուլպիտը չբուժել, ապա ոսկրային հյուսվածքում կարող է պերիօդոնտիտ զարգանալ կամ էլ թարախային պերիօդոնտիտ, որը կարող է նպաստել ֆլյուսի, աբսցեսի, ֆլեգմոնի վերածվել, նույնիսկ կարող է մահացու ելք արձանագրվել:

Պուլպիտի բուժումը

Պուլպիտի բուժումը, որը կատարվում է վաղ փուլում, հնարավորություն է տալիս պահպանել նյարդը, որն անհրաժեշտ է ատամի սնուցման և նորմալ կենսագործունեության համար, այդ պատճառով էլ պետք է անհապաղ դիմել բժշկի: Այս դեպքում պուլպիտի բուժումը ներառում է կալցիում պարունակող հատուկ պատրաստուկներով բորբոքված պուլպայի վրա ազդումը (կենսաբանական մեթոդ):

Պուլպիտի բուժման ժամանակ նախապես անզգայացում է կատարվում: Ցավոք, շատ պացիենտներ բժշկին շատ ավելի ուշ են դիմում, երբ ցավազրկող հաբերը արդեն չեն կարող անհրաժեշտ ազդեցությունն ապահովել, ախտընթացը բավական զարգացել է և սուր փուլից անցել քրոնիկականին:

Երբ հիվանդը բժշկին շատ ուշ է դիմում, վերջինս, մեծ մասամբ ստիպված է լինում առավել արմատական միջոցներ ձեռք առնել: Սուր բորբոքման փուլում գտնվող պուլպիտի բուժումը նյարդի լրիվ հեռացումն է, որին հաջորդում է էնդօդոնտիկ բուժումը:

Շճային պուլպիտը համապատասխան բուժում է պահանջում` պլոմբի տակ տեղադրվող կալցիում պարունակող նյութ, հակաբիոտիկային թերապիա և այլն: Հնարավոր է նաև պուլպայի մասնակի` նյարդի հեռացում: Սուր թարախային և քրոնիկական պուլպիտների դեպքում դեպուլպացիա է կատարվում և ատամի արմատախողովակում լիցքավորում է կատարվում:

Պուլպիտի կանխարգելման համար հարկ է.

  • մշտապես և կանոնավոր մաքրել ատամները,
  • սահմանափակել քացրեղենը,
  • կես տարին մեկ անգամ այցելել ստոմատոլոգին:

Պուլպիտը ատամի նյարդի բորբոքում է, որը առաջանում է մանրէների կամ վնասվածքի հետևանքով։ Այն բնութագրվում է ուժեղ ցավով, զգայունությամբ և հաճախ զարգանում է բարդացած կարիեսի պատճառով։

Category

Պուլպիտ

Klaas - Dentist website Webflow template

You are in good hands

Gallery

Պուլպիտ

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ բուժում